1. Ի՞նչ է Վերգետնյա Թվային Հեռուստատեսությունը
Վերգետնյա Թվային Հեռուստատեսությունը (ՎԹՀ) հեռուստատեսային նոր տեխնոլոգիա է , որը եկել է փոխարինելու գործող անալոգայինին։ Այն թույլ է տալիս հեռարձակել այնպիսի ձևաչափի տեսաձայնային նյութեր, որը լայնորեն կիռարվում է համակարգչային և համացանցային տեխնոլոգիաներում։ Հայաստանում ՎԹՀ տեսաձայնային ձևաչափը հանրահայտ MPEG-4 ձևաչափն է։ ՎԹՀ տեխնոլոգիան հնարավորություն է ընձեռում բազմաթիվ հեռուստատեսային և ռադիո ծրագրեր, տարաբնույթ տեքստային, պատկերային և ձայնային տեղեկատվական նյութեր հեռարձակել հեռուստատեսային մի կապուղիով (channel ֊ կապուղի, կանալ)։ ՎԹՀ հեռուստահաղորդումները կարող են ունենալ այլընտրանքային կառուցվածք (լեզվական, լուսագրերի կամ պատկերների տարբերակներ) ՝ հեռուստադիտողի նախասիրությանը թողնելով հաղորդման դիտման ձևը (ինտերակտիվություն)։ՎԹՀ տեխնոլոգիայի նորամուծությունն է նաև Ծրագրերի էլեկտրոնային ուղեցույցը (EPG)։
Մեր երկրում ՎԹՀ հեռարձակման ստանդարտը եվրոպական DVB T2֊ն է։
2. Ո՞րն է Թվային հեռուստատեսության առավելությունը
ՎԹՀ առավելություններն են՝
․ հեռուստահեռարձակման բարելավված ծածկույթը
․ հաղորդման պատկերի և ձայնի անթերրի որակը
․ ինտերակտիվությունը
․ հեռուստածրագրերը ուղեկցող նոր ծառայությունների ի հայտ գալը
․ HDTV ծրագրերի հեռարձակման հնարավորություը
․ օգտագործվող կապուղիների միևնույն քանակի պարագայում՝ հեռարձակվող հեռուստառադիոծրագրերի քանակի բազմակի ավելացումը
․ հաճախային սահմանափակ պաշարի արդյունավետ օգտագործումն ու նպատակային վերաբաշխումը
․ հեռարձակման Էներգատարության նվազեցումը։
3. Ինչպիսի՞ հեռուստացույց է պետք ՎԹՀ ծրագրերը դիտելու համար
Վերջին տարիներին արտադրված հեռուստացույցերից շատերը ունեն ինտեգրացված թվային ընդունիչներ և նախատեսված են ՎԹՀ ծրագրեր դիտելու համար: Անհրաժեշտ է ստուգել դրանց համապատասխանությունը հատկապես DVB T2 ստանդարտին: Նման հեռուստացույցերի համար բավարար է միայն հեռարձակման կապուղիներին համալարումը:
Վաղ արտադրության անալոգային հեռուստացույցերով ՎԹՀ ծրագրեր դիտելու համար անհրաժեշտ է դրանք համալրել հատուկ ապակոդավորող կցուրդ սարքերով (Set Top Box, կրճատ` STB): Սրանք ևս պետք է բավարարեն DVB T2 ստանդարտին: ՎԹՀ կցուրդ սարքերը արտաքնապես և գործառնությամբ նման են արբանյակային և մալուխային հեռարձակման ապակոդավորող կցուրդներին:
4. Կարող է արդյո՞ք մեկ կցուրդ սարքը ապահովել մի քանի հեռուստացույցի աշխատանքը
Այո, մի կցուրդ սարքին հնարավոր է համակցել մի քանի հեռուստացույց: Սակայն, այդ ձևով հեռուստածրագրերի դիտումը զուրկ կլինի հարմարավետությունից և նպատակահարմար չէ, քանի որ կցուրդ սարքը բոլոր հեռուստացույցերին կմատակարարի կառավարման միակ հրահանգով ընտրված հեռուստածրագիր, ձայնային և պատկերային կարգավորման միևնույն տարբերակով:
5. Հնարավոր է արդյոք ՎԹՀ ծրագրերը դիտել համակարգչով կամ այլ սարքերով
Այո, հնարավոր է: Արդեն իսկ արտադրվում են ՎԹՀ կցուրդներ համակարգիչների, iPhone, iPad և այլ նման սարքերի համար:
6. Անալոգային հեռուստատեսային ալեհավաքը և դրա մալուխը պիտանի է արդյոք ՎԹՀ հեռարձակման ընդունման համար
Տվյալ հաճախային տիրույթում վերգետնյա անալոգային և թվային հեռուստահեռարձակման ընդունիչ ալեհավաքները և մալուխները նույնական են, և ՎԹՀ անցումը ալեհավաքների և դրանց մալուխների փոփոխություն չի պահանջում:
7. ՀՀ ո՞ր բնակավայրերում է մատչելի լինելու վերգետնյա թվային հեռուստատեսությունը և քա՞նի հեռուստածրագիր է հեռարձակվելու
Մինչև 2015թ. հուլիսի 10 — ը ՀՀ ողջ տարածքում ավարտված կլինեն Վերգետնյա թվային հեռուստատեսության ներդրման աշխատանքները, և ՎԹՀ ծրագրերը մատչելի կլինեն հանրապետության բոլոր բնակավայրերում: Մեր կողմից Երևան քաղաքում կհեռարձակվի 18, իսկ մարզային բնակավայրերում 9-ը հեռուստածրագիր: Այդուհանդերձ, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի երևանամերձ բնակավայրերից շատերում մատչելի կլինեն Երևանում հեռարձակվող բոլոր 18 ծրագրերը:
8. Ի՞նչ վճար է գանձվելու ՎԹՀ ծրագրերը դիտելու համար
Մեր կողմից հեռարձակվող Երևանում 18 և մարզերում 9-ը հեռուստածրագրերը անվճար են և հասանելի են ՀՀ բոլոր քաղաքացիներին:
9. Հնարավոր է արդյո՞ք ՎԹՀ ծրագրերը դիտել շարժական և կրելի հեռուստաընդունիչ սարքերով
Այո, ՎԹՀ հեռարձակումը մատչելի է նաև շարժական և կրելի սարքերով ծրագրերի դիտման համար:
10. Ի՞նչ արժեն DVB-T2/MPEG-4 թվային ընդունիչները (Set-top-Box)
Թվային ընդունիչների արժեքը, կախված մի շարք գործոններից, ինչպիսիք են մասնավորապես արտադրման երկիրը, արտադրող կազմակերպությունը, սարքի լրացուցիչ ֆունկցիոնալությունը (համակցված IPTV, OTT, Andriod), սարքի փաթեթում ներառված ակսեսուարները և այլն կարող է տատանվել 20-150 ԱՄՆ դոլլարի սահմաններում:
11. Պետության կողմից ինչպիսի՞ աջակցություն է ցուցաբերվելու սոցիալապես անապահով ընտանիքներին
Հայաստանի Հանրապետությունում հեռարձակման անալոգային ձևաչափից թվայինին անցումը իրականացվում է հայեցակարգային սոցիալականմ մոտեցման հիման վրա: Պետությունը երաշխավորել է ՀՀ անապահով քաղաքացիների թվային հեռարձակման պայմաններում տեղեկատվության ստանալու իրավունքը, որի իրականացման կոնկրետ ձևը դեռևս քննարկման փուլում է: Ընդունիչ սարքերի տրամադրման կամ դրանց ձեռքբերման սուբսիդավորման հարցը կհստակեցվի մինչև անալոգային հեռարձակման դադարեցումը: