1. Ի՞նչ է Վերգետնյա Թվային Հեռուստատեսությունը

Վերգետնյա Թվային Հեռուստատեսությունը (ՎԹՀ) հեռուստատեսային նոր տեխնոլոգիա է , որը եկել է փոխարինելու գործող անալոգայինին։ Այն թույլ է տալիս հեռարձակել այնպիսի ձևաչափի տեսաձայնային նյութեր, որը լայնորեն կիռարվում է համակարգչային և համացանցային տեխնոլոգիաներում։ Հայաստանում ՎԹՀ տեսաձայնային ձևաչափը հանրահայտ MPEG-4 ձևաչափն է։ ՎԹՀ տեխնոլոգիան հնարավորություն է ընձեռում բազմաթիվ հեռուստատեսային և ռադիո ծրագրեր, տարաբնույթ տեքստային, պատկերային և ձայնային  տեղեկատվական նյութեր  հեռարձակել հեռուստատեսային մի կապուղիով (channel ֊ կապուղի, կանալ)։  ՎԹՀ հեռուստահաղորդումները կարող են ունենալ այլընտրանքային կառուցվածք (լեզվական, լուսագրերի կամ պատկերների տարբերակներ) ՝  հեռուստադիտողի նախասիրությանը թողնելով հաղորդման դիտման ձևը (ինտերակտիվություն)։ՎԹՀ տեխնոլոգիայի նորամուծությունն է նաև Ծրագրերի էլեկտրոնային ուղեցույցը (EPG)։

Մեր երկրում ՎԹՀ հեռարձակման ստանդարտը եվրոպական DVB T2֊ն է։

2. Ո՞րն է Թվային հեռուստատեսության առավելությունը

ՎԹՀ առավելություններն են՝

․ հեռուստահեռարձակման բարելավված ծածկույթը
․ հաղորդման պատկերի և ձայնի անթերրի որակը
․ ինտերակտիվությունը
․ հեռուստածրագրերը ուղեկցող նոր ծառայությունների ի հայտ գալը
․ HDTV ծրագրերի հեռարձակման հնարավորություը
․ օգտագործվող կապուղիների միևնույն քանակի պարագայում՝ հեռարձակվող հեռուստառադիոծրագրերի քանակի բազմակի ավելացումը
․ հաճախային սահմանափակ պաշարի արդյունավետ օգտագործումն ու նպատակային վերաբաշխումը
․ հեռարձակման Էներգատարության նվազեցումը։

3. Ինչպիսի՞ հեռուստացույց է պետք ՎԹՀ ծրագրերը դիտելու համար

Վերջին տարիներին արտադրված հեռուստացույցերից շատերը ունեն ինտեգրացված թվային ընդունիչներ և նախատեսված են ՎԹՀ ծրագրեր դիտելու համար: Անհրաժեշտ է ստուգել դրանց համապատասխանությունը հատկապես DVB T2 ստանդարտին: Նման հեռուստացույցերի համար բավարար է միայն հեռարձակման կապուղիներին համալարումը:

Վաղ արտադրության անալոգային հեռուստացույցերով ՎԹՀ ծրագրեր դիտելու համար անհրաժեշտ է դրանք համալրել հատուկ ապակոդավորող կցուրդ սարքերով (Set Top Box,  կրճատ` STB): Սրանք ևս պետք է բավարարեն DVB T2 ստանդարտին: ՎԹՀ կցուրդ սարքերը արտաքնապես և գործառնությամբ նման են արբանյակային և մալուխային հեռարձակման ապակոդավորող կցուրդներին:

4. Կարող է արդյո՞ք մեկ կցուրդ սարքը ապահովել մի քանի հեռուստացույցի աշխատանքը

Այո, մի կցուրդ սարքին հնարավոր է համակցել մի քանի հեռուստացույց: Սակայն, այդ ձևով հեռուստածրագրերի դիտումը  զուրկ կլինի հարմարավետությունից և նպատակահարմար չէ, քանի որ կցուրդ սարքը բոլոր հեռուստացույցերին կմատակարարի կառավարման միակ հրահանգով ընտրված հեռուստածրագիր, ձայնային և պատկերային կարգավորման միևնույն տարբերակով:

5. Հնարավոր է արդյոք ՎԹՀ ծրագրերը դիտել համակարգչով կամ այլ սարքերով

Այո, հնարավոր է: Արդեն իսկ արտադրվում են ՎԹՀ կցուրդներ համակարգիչների, iPhone, iPad և այլ նման սարքերի համար:

6. Անալոգային հեռուստատեսային ալեհավաքը և դրա մալուխը պիտանի է արդյոք ՎԹՀ հեռարձակման ընդունման համար

Տվյալ հաճախային տիրույթում վերգետնյա անալոգային և թվային հեռուստահեռարձակման ընդունիչ ալեհավաքները և մալուխները նույնական են, և ՎԹՀ անցումը ալեհավաքների և դրանց մալուխների փոփոխություն չի պահանջում:

7. ՀՀ ո՞ր բնակավայրերում է մատչելի լինելու վերգետնյա թվային հեռուստատեսությունը և քա՞նի հեռուստածրագիր է հեռարձակվելու

Մինչև 2015թ. հուլիսի 10 — ը ՀՀ ողջ տարածքում ավարտված կլինեն Վերգետնյա թվային հեռուստատեսության ներդրման աշխատանքները, և ՎԹՀ ծրագրերը մատչելի կլինեն հանրապետության բոլոր բնակավայրերում: Մեր կողմից Երևան քաղաքում կհեռարձակվի 18, իսկ մարզային բնակավայրերում 9-ը հեռուստածրագիր: Այդուհանդերձ, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի երևանամերձ բնակավայրերից շատերում մատչելի կլինեն Երևանում հեռարձակվող բոլոր 18 ծրագրերը:

8. Ի՞նչ վճար է գանձվելու ՎԹՀ ծրագրերը դիտելու համար

Մեր կողմից հեռարձակվող Երևանում 18 և մարզերում 9-ը հեռուստածրագրերը անվճար են և հասանելի են ՀՀ բոլոր քաղաքացիներին:

9. Հնարավոր է արդյո՞ք ՎԹՀ ծրագրերը դիտել շարժական և կրելի հեռուստաընդունիչ սարքերով

Այո, ՎԹՀ հեռարձակումը մատչելի է նաև շարժական և կրելի սարքերով ծրագրերի դիտման համար:

10. Ի՞նչ արժեն DVB-T2/MPEG-4 թվային ընդունիչները (Set-top-Box)

Թվային ընդունիչների արժեքը, կախված մի շարք գործոններից, ինչպիսիք են մասնավորապես արտադրման երկիրը, արտադրող կազմակերպությունը,  սարքի լրացուցիչ ֆունկցիոնալությունը (համակցված IPTV, OTT, Andriod),  սարքի փաթեթում ներառված ակսեսուարները և այլն կարող է տատանվել 20-150 ԱՄՆ դոլլարի սահմաններում:

11. Պետության կողմից ինչպիսի՞ աջակցություն է ցուցաբերվելու սոցիալապես անապահով  ընտանիքներին

Հայաստանի Հանրապետությունում հեռարձակման անալոգային ձևաչափից թվայինին անցումը իրականացվում է հայեցակարգային սոցիալականմ մոտեցման հիման վրա: Պետությունը երաշխավորել է ՀՀ անապահով քաղաքացիների թվային հեռարձակման պայմաններում տեղեկատվության ստանալու իրավունքը, որի իրականացման կոնկրետ ձևը դեռևս քննարկման փուլում է: Ընդունիչ սարքերի տրամադրման կամ դրանց ձեռքբերման սուբսիդավորման հարցը կհստակեցվի մինչև անալոգային հեռարձակման դադարեցումը: