ՀՀՌՑ

Հայաստանի Հեռուստատեսային և Ռադիոհաղորդիչ Ցանց ՓԲԸ

Թվայնացման գործընթաց

Հայաստանի Հանրապետությունում թվային հեռուստատեսային հեռարձակման համակարգի ներդրման գործընթացը սկսվել է 2009թ-ին, երբ ՀՀ կառավարության 12.11.2009թ-ի թիվ 47 արձանագրային որոշմամբ հաստատվել է համապատասխան հայեցակարգը:

Հեռուստահեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգը և դրա իրականացման միջոցառումները նպատակաուղղված են ապահովելու բազմաբովանդակ հեռուստահեռարձակման լայն հասանելիությունը և մատչելիությունը, հաճախականությունների տիրույթների արդյունավետ օգտագործումը, հեռուստահեռարձակման և տեղեկատվական ցանցերի համակցելիությունը, հեռարձակման պլատֆորմների օգտագործման համաձայնեցվածությունը և տեղեկատվական ոլորտում կիրառվող տեխնիկական միջոցների համատեղելիությունը:

Համաձայն <<Հեռուստատեսության և ռադիոյի մասին>> ՀՀ օրենքի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից 2010թ. դեկտեմբերի 16-ին անցկացված մրցույթներում թվային հեռարձակման ցանցի միջոցով հանրապետական, մայրաքաղաքային և մարզային սփռման իրավունք է ստացել թվով 28 հեռուստաընկերություն, այդ թվում՝

  • հանրապետական սփռում՝ 8 (երկու հանրային հեռուստաալիք՝ ընդհանուր ուղղվածության և հոգևոր-մշակութային, հինգ մասնավոր հեռուստաալիք՝ ընդհանուր ուղղվածության, մեկ վերահեռարձակվող հեռուստաալիք)
  • մայրաքաղաքային սփռում՝ 10 (մեկական ժամանցային, երիտասարդական, երաժշտական, մեկ մանկապատանեկան, գիտակրթական, դաստիարակչական, ճանաչողական, մեկ միջազգային և տեղական լրատվական-վերլուծական, մեկ միջպետական, մեկ ընդհանուր և երեք վերահեռարձակվող հեռուստաալիք)
  • մարզային սփռում՝ 10 (ընդհանուր ուղղվածության և տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող մեկական հեռուստաալիք յուրաքանչյուր մարզում):

Թվային հեռուստատեսային հեռարձակման համակարգի ենթակառուցվածքների տեխնիկական լուծումները ամրագրվել և սկսվել են իրականացվել 2014 թվականի հունվարի 14-ից: Աշխատանքներն իրականացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության <<Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց>> ՓԲ ընկերությունն իր հիմնական գործընկեր՝ շվեդական ԷՐԻՔՍՈՆ ընկերության հետ: Աշխատանքներին մասնակցում են նաև համաշխարհային ճանաչում ունեցող իտալական՝ ԹԵԼՍԱՏ, սլովենական՝ ԷԼԹԻ, իսպանական՝ ՊՐՈՄԱՔՍ և այլ ընկերություններ:

Թվային հեռուստատեսային հեռարձակման համակարգը բաղկացած Է հետևյալ համակցված օղակներից՝

  • հանրապետական մուլտիպլեքսավորման, վերահսկման և կառավարման կենտրոն
  • թվային DVB-T2 վերգետնյա հեռարձակման հաղորդիչ ցանց
  • օպտիկա-մանրաթելային կապի գծերի ցանց
  • DVB-S2 արբանյակային կապի ցանց

Հանրապետական մուլտիպլեքսավորման, վերահսկման և կառավարման կենտրոնում իրականացվում է հեռուստաընկերություններից տրվող ազդանշանների ընդունում, կոդավորում, մուլտիպլեքսների ձևավորում և հաղորդում թվային DVB-T2 վերգետնյա հեռարձակման հաղորդիչ ցանցին:

Կենտրոնում իրականացվում է նաև ամբողջ թվային ցանցի կառավարում և վերահսկում: Կենտրունում ձևավորվում են հետևալ մուլտիպլեքսները.

 

Հանրապետական սփռում (H)

Մայրաքաղաքային սփռում (Y1)

Մայրաքաղաքային սփռում (Y2)

Մայրաքաղաքային սփռում (Y3)

 H1  H1  Ar  CNN
 Armenia  Armenia  H2  RTR
 Shant  Shant  H3  Kultura
 Shoxakat  ArmNews  Kentron  Dar21
 H2  Shoxakat  Lime TV  ORT
 Kentron  ATV  Yerkir Media  MIR
 Yerkir Media
 RTR

Մարզային ալիք

 

Թվային DVB-T2 վերգետնյա հեռարձակման հաղորդիչ ցանցի միջոցով հեռարձակվող մուլտիպլեքսները հասանելի են դառնում բնակչությանը: Թվային DVB-T2 հաղորդիչ ցանցը բաղկացած է ավելի քան 210 հեռուստակայաններից: Յուրաքանչյուր հեռուստակայանում տեղադրվելու է համապատասխան հզորության հաղորդակ, հաղորդիչ անտենա և կոաքսիալ մալուխ:

Հաղորդիչ ցանցում իր կարևորագույն դերը և ռազմավարական նշանակությունն ունի Երևանի հեռուստատեսային հաղորդիչ կայանը, որն հեռարձակմամբ ընդգրկում է ինչպես մայրաքաղաքը, այնպես էլ արարատյան դաշտավայրի բնակավայրերը: Երևանի հեռուստակայանից թվային հեռարձակումն սկսվել է իրականացվել 2014 թվականի նոյեմբերի 13-ից:

Օպտիկա-մանրաթելային կապի գծերի և արբանյակային կապի ցանցերի միջոցով հանրապետական մուլտիպլեքսավորման կենտրոնում ձևավորված մուլտիպլեքսները հասցվում են  թվային հաղորդակներին և հեռարձակվում:

Օպտիկա-մանրաթելային կապի գծերի ցանցը նախատեսված է թվով 64 հիմնական կայանների միջև թվային հեռուստատեսային ազդանշանների հեռահաղորդումն ապահովելու համար: Ցանցն արդեն ամբողջությամբ կազմակերպված է և գործում է:

Ցանցի մնացած 147 հեռուստակայաններում ազդանշանների հեռահաղորդումն իրականացվելու է արբանյակային կապի ցանցի միջոցով: Վերջիններս դժվար հասանելի են օպտիկա-մանրաթելային համակարգին և հիմնականում գտնվում են բարձրլեռնային ու սահմանամերձ բնակավայրերում: Բացի այդ, արբանյակային կապը կծառայի նաև որպես պահուստ թվով 64 հեռուստակայաններում օպտիկա-մանրաթելային համակարգի հնարավոր խանգարումների դեպքում:

Թվային սարքավորումների տեղադրմանը համապատասխանեցնելու նպատակով վերանորոգվում և արմատապես վերազինվում է ցանցի ֆիզիկապես մաշված ու բարոյապես հնացած ենթակառուցվածքը: Տեղադրվում են ավելի քան 80 նոր աշտարակ և մոտ 160 նոր հեռահաղորդակցական խցիկ: Թարմացվում է հեռուստակայանների արտաքին էլեկտրասնուցման համակարգը:

Ներկա դրությամբ ամբողջությամբ ավարտված են հանրապետական մուլտիպլեքսավորման, վերահսկման և կառավարման կենտրոնի մոնտաժման, համալարման և թեսթավորման աշխատանքները: Ավարտվել են Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Աշտարակի, Ծաղկաձորի, Սարատակի, Վեդիի, Չարենցավանի կայաններում հաղորդակների և անտենա-մալուխային համակարգերի մոնտաժման ու համալարման աշխատանքները:

Ընդհանուր առմամբ, ներկայումս թվային ազդանշանը հասանելի է Հայաստանի Հանրապետության բնակչության շուրջ 66.3 տոկոսին:

Նոր հեռուստակայանների միացումների և բնակչության ծածկույթի վերաբերյալ տվյալները այսուհետ կներկայացվեն կայքի ազդագրեր բաժնում: